Կոնցեսիոն համաձայնագրերի տեսակները
Պատմականորեն կոնցեսիայի իմաստը և իրավական կարգավիճակը աստիճանաբար զարգացան և վարչական ակտի տեսակից վերածվեց քաղաքացիաիրավական պայմանագրի:
Զարգացած տնտեսությամբ երկրներում (ԱՄՆ, Կանադա, Ավստրալիա, Ճապոնիա և այլն) կոնցեսիան հիմնականում կրում է հանրային-իրավական ակտի կամ քաղաքացիաիրավական պայմանագրի բնույթ:
Պետությունն այստեղ հանդես է գալիս երկակի դերով՝
- որպես հասարակության և իշխանության ներկայացուցիչ, որը կոնցեսիոներին ժամանակավոր զիջում է հասարակական կամ պետական գույքի օգտագործման իր բացառիկ իրավունքը:
- որպես քաղաքացիական իրավունքի սուբյեկտ, որը ուղղակիորեն անդրադառնում է հավասարության սկզբունքի և պայմանագրի պայմանների անխախտելիության վրա:
Միջազգային պրակտիկայում տարածում են ստացել կոնցեսիոն համաձայնագրերի հետևյալ տեսակները՝
BOT (Build—Operate—Transfer) – “Կառուցում-Կառավարում-Փոխանցում”:
Կոնցեսիոն կառավարիչը իրականացնում է կոնցեսիոն կառավարման օբյեկտի կառուցումը և շահագործումը, իսկ կոնցեսիոն համաձայնագրի ժանկետի ավարտից հետո այն փոխանցում է պետությանը:
BTO (Build—Transfer—Operate) – “Կառուցում-Փոխանցում-Կառավարում”:
Կոնցեսիոն կառավարիչը կառուցում է կոնցեսիոն կառավարման օբյեկտը և այն փոխանցում պետությանը, որից հետո պետությունը այն նույն կոնցեսիոն կառավարչին հանձնում է շահագործման:
ВОО (Build—Own—Operate) – “Կառուցում-Տիրապետում-Կառավարում”:
Կոնցեսիոն կառավարիչը կառուցում է կոնցեսիոն կառավարման օբյեկտը և իրականացնում դրա հետագա շահագործումը, քանի որ սեփականության իրավունքով դրա տիրապետումը պատկանում է իրեն, որի ժամկետը չի սահմանափակվում:
ВООТ (Build—Own—Operate—Transfer) – “Կառուցում-Տիրապետում-Կառավարում-Փոխանցում”:
Կառավարման օբյեկտի տիրապետման և օգտագործման համար սահմանված է որոշակի ժամկետ, որի լրանալուն պես օբյեկտը փոխանցվում է պետությանը:
BBO (Buy—Build—Operate) – “Գնում-Կառուցում-Կառավարում”:
Հանրային սեփականության վաճառքի ձև է, որը ենթադրում է առկա օբյեկտի վերականգնում և ընդլայնում: Պետությունը հանրային սեփականությունը վաճառում է մասնավոր ընկերության, որը արձյունավետ կառավարման նպատակով պետք է իրականացնի անհրաժեշտ նորացում և կատարելագործում: