Կարող եք բերել տարբեր թվային հարթակների օրինակներ (Uber, Apple, Linkedin, Alibaba, Alipay և այլն), որոնք կառավարում են մի ամբողջ տնտեսություն մեկ կենտրոնից, և որ ամենակարևորն է, կենտրոնացված պլանավորումը, որպես փաստ, բոլորի համար ընդունելի է:
Բոլորը լսել են պլանային և շուկայական տնտեսութունների մասին: Երկար տարիների մրցակցության արդյունքում պլանային տնտեսության մոդելը պարտվեց՝ ապացուցելով իր անգործունակությունը: Սակայն շուկայական տնտեսությունը նույնպես առանց թերությունների չի, որի հետևանքներն արդեն ամբողջ ուժով զգում ենք:
Համակարգային տեսության մեջ կա մեկ հետաքրքիր սկզբունք, որը անվանում են «մրցակցային բացառման սկզբունք»: Համաձայն այս սկզբունքի երկու տարբեր տեսակներ չեն կարող գոյատևել միևնույն էկոլոգիական միջավայրում, մրցակցելով միևնույն ռեսուրսների համար: Քանի որ այդ տեսակները տարբերվում են միմյանցից, ապա դրանցից մեկը շատ ավելի արագ կհարմարվի գոյություն ունեցող պայմաններին, քան երկրորդը, որի արդյուքնում և ռեսուրսը կօգտագործել ավելի արդյունավետ: Հետադարձ կապի ուժեղացումը կհանգեցնի ոչ միայն այս տեսակների գերիշխանությանը, այլև բոլոր մրցակիցների վերացմանը:
Վերոնշյալը վերաբերում է նաև այն ընկերություններին, որոնք պայքարում են միևնույն ռեսուրսների համար: Արդյունքում, շուկայական մրցակցությունը ինքնին հանգեցնում է մրցակցության վերացմանը:
Երկու համակարգերն էլ ունեն նույն խնդիրը՝ երկուսն էլ ելնում են այն բանից, որ տիրապետում են լիարժեք տեղեկատվության:
Շուկայական տնտեսության համար «լիարժեք տեղեկատվության» հայեցակարգը ենթադրում է, որ յուրաքանչյուր մասնակից ցանկացած պահի ունի լիարժեք գիտելիքներ շուկայի նշանակալի գործոնների մասին:
Պլանային տնտեսության համար «լիարժեք տեղեկատվության» հայեցակարգը ենթադրում է, որ պլանավորող կետրոնական մարմինը ցանկացած պահի լիարժեք տիրապետում է տնտեսական նշանակալի գործոններին:
Այդպիսով, երկու համակարգերում էլ բացառվում էին «տեղեկատվական ասիմետրիան»:
Վերոհիշյալի մասին կան հետաքրքիր աշխատություններ, ահա հեղինակների անունները՝ Լանգե (Օսկար Ռիշարդ), Հայեկ Ֆրիդրիխ Ավգուստ ֆոն:
Շատ հակիրճ ներկայցնեմ իրենց տեսությունների իմաստը՝
Հայեկն ապացուցեց, որ իրականում «կենտրոնից» անհնար է արդյունավետ համակարգել ապակենտրոնացված տնտեսության գործունեությունը, և կենտրոնացված կառավարման փոխարեն պետք է ստեղծել ապակենտրոնացման այնպիսի մեխանիզմ, որը թույլ կտա հավաքագրել և արձագանքել լոկալ տեղեկատվությանը, որին տիրապետում են տնտեսական գործընթացների մասնակիցները:
1936–37 թվականներին, Լանգեն, “Սոցիալիզմի տնտեսական տեսության մասին” հոդվածում, հերքում է Հայեկի պնդումը, որ պլանավորող կենտրոնական մարմինը ի վիճակի չէ կազմակերպել լայնածավալ տնտեսական ակտիվություն: Միակ նախապայմանը այն է, որ պլանավորման կենտրոնական մարմին չպետք է լինեն պետական բյուրոկրատական կառույցները:
Նոր տեխնոլոգիաները հնարավորություն են տվել ապահովել «լիարժեք տեղեկատվություն» (մեծ տվյալների հավաքում և մշակում, սոցիալական ֆիզիկա և այլն), դրանով իսկ նժարը ապակենտրոնացումից տեղափոխվել է դեպի ընկերություններ ըստ Լանգեի՝ այսինք դեպի հարթակներ:
Այժմ, կենտրոնացված թվային ընկերությունների օրինակներ ներկայացնեմ՝
Google Search – կոնտենտի և տեղեկատվության հսկայական տնտեսություն է, որը կառավարվում է մեկ կենտրոնից: Այն, որ մենք Google- ին այլ կերպ ենք ընկալում, դա պարզապես մարկետինգի և գաղափարախոսության խնդիր է:
Uber – մեզ համար ընտրում է մեքենան և ուղին, ելնելով առաջարկից և պահանջարկից, սահմանում է գները: Եվ այս հարթակի ողջ տնտեսական գործունեությունը պլանավորվում է մեկ կենտրոնից և վերահսկվում համակարգչային ալգորիթմների կողմից:
Facebook – սոցիալական փոխգործակցության կենտրոնացված շուկա է, որի շնորհիվ միլիարդավոր մարդիկ միմյանց հետ կապ են հաստատել, նմանատիպ ծավալի կապեր առանց այս հարթակի անհնարէ պահպանել:
Կարող ենք այդպիսի թվային ընկերությունների բազմաթիվ օրինակներ բերել (Uber, Apple, Linkedin, Alibaba, Alipay և այլն), որոնք ողջ տնտեսություն են կառավարում մեկ կենտրոնից, և որ ամենակարևորն է, կենտրոնացված պլանավորումը, որպես փաստ, կարծես մարդկանց չի հուզում:
Ժամանակակից տեխնոլոգիան թվային ընկերություններին, հատկապես թվային հարթակներին, թույլ է տալիս ստեղծել և կառավարել կենտրոնացված վերահսկվող շուկաներ:
Այս միտման զարգացման արդյունքում կտեսնենք, թե ինչպես են արդյունաբերության տարբեր ճյուղեր փոխանցվում ապակենտրոնացված, սակայն մեկ կենտրոնից կառավարվող, ցանցերի՝ թվային հարթակների, կառավարմանը:
Պոդկաստի հղումը՝ Կենտրոնացված շուկայական թվային տնտեսություն