Կոնցեսիոն կառավարման էությունը և էվոլյուցիան
Կոնցեսիոն կառավարման ժամանակ պետական սեփականության օգտագործման և տնօրինման իրավունքը փոխանցվում է պայմանագրի կառավարչին:
20-րդ դարի վերջին տասնամյակներում զարգացած տնտեսություն ունեցող, ինչպես նաև զարգացող երկրներում ձևավորվեց պետության և բիզնեսի փոխհամագործակցության նոր ձև, որը թույլ է տալիս ներգրավել զգալի օտարերկրյա ֆինանսական միջոցներ առավել թանկարժեք և փոխհատուցման երկար ժամանակահատված պահանջող նախագծերում: Պետական մասնավոր համագործակցության բազմաթիվ ձևերից ներկայումս առավել լայն տարածում են ստացել կոնցեսիաները:
Միջազգային պրակտիկայում կոնցեսիա հասկացությունը մեկնաբանվում է որպես մասնավոր հատվածի ներդրումների ներգրավման ձև, որի ժամանակ օբյեկտների կառուցման և շահագործման ընթացքում մասնավոր ընկերություններին են փոխանցվում օբյեկտի տնօրինման և օգտագործման իրավունքները[1]: Ըստ էության կոնցեսիոն կառավարման էությունը կայանում է հետևյալում՝ պետությունը (կամ պետական այլ իրավասու մարմին) փոխհատուցման և ժամկետային սկզբունքի հիման վրա մասնավոր ընկերությանը (այսուհետև՝ պայմանագրի կառավարիչ) պետական սեփականություն հանդիսացող օբյեկտներում տնտեսական գործունեություն ծավալելու բացառիկ իրավունք է տրամադրում:
Հիմնականում դրանք այն օբյեկտներ են, որոնք նորացման, մրցունակ արտադրության կամ նոր արտադրության կազմակերպման համար մեծածավալ ներդրումների կարիք ունեն: Ներդրումների ծավալները, ժամկետները, ուղղությունները և այլ պայմանները սահմանվում են կոնցեսիոն պայմանագրով: Ենթադրվում է, որ կոնցեսիոն կառավարման օբյեկտի շահագործման ամբողջ ժամանակահատվածում պայմանագրի կառավարիչը ամբողջությամբ փոխհատուցելու է կատարված ներդրումները և բավականին շահույթ է ստանալու: Կոնցեսիայի ժամկետը լրանալուց հետո կոնցեսիոն պայմանագրի օբյեկտը անհատույց փոխանցվում է պետությանը: Այն դեպքում, երբ պետությունը չի ցանկանում կառավարել տվյալ օբյեկտը, հնարավոր է կոնցեսիայի ժամկետի երկարաձգում կամ օբյեկտի վաճառք:
Կոնցեսիոն կառավարումն ենթադրում է ՝
- ներդրումների վերադարձ,
- համապատասխան որակի ծառայության կամ արտադրանքի թողարկում,
- պետության կողմից արտադրանքի կամ ծառայության գների սահմանում և կարգավորում,
- պայմանագրի կառավարչին պետական կամ մունիցիպալ սեփականություն հանդիսացող օբյեկտում գործունեություն ծավալելու իրավասության տրամադրում,
- կոնցեսիայի ժամկետը լրանալուց հետո կառավարման օբյեկտի անհատույց փոխանցում պետությանը:
Կարելի է եզրահանգել, որ կոնցեսիոն կառավարման ժամանակ տեղի է ունենում սեփականության ձևերի վերաբաշխում: Այսպես՝ հայտնի է, որ օրենսդրորեն սահնմանված են իրավական նորմեր, որոնք կարգավորում են սեփականության տնտեսական հարաբերությունները հետևյալ ձևերով՝ տիրապետում, օգտագործում և տնօրինում:
Կոնցեսիոն կառավարման ժամանակ պետական սեփականության օգտագործման և տնօրինման իրավունքը փոխանցվում է պայմանագրի կառավարչին (սեփականության իրավունքի փոխանցում տեղի չի ունենում), իսկ տիրապետման իրավունքը մնում է պետությանը, որն, ըստ էության, հանդիսանում է օբյեկտի վերադարձելիության և վերահսկման երաշխիք:
Շատ դեպքերում կոնցեսիոն կառավարումը նույնացնում են վարձակալության հետ, սակայն դրանց միջև առկա է էական տարբերություն: “Վարձակալություն” բառն առաջացել է լատիներեն “arrendare” բառից, որը նշանակում տրամադրել վարձավճարի դիմաց, իսկ “կոնցեսիա” բառը՝ “concesso”, որը նշանակում է իրավունք, զիջում[2]:
Հետևաբար, կոնցեսիան ենթադրում է զիջում կամ արտոնյալ պայմանների տրամադրում: պետական տնտեսավարման համակարգից անկախ, վարձակալությունը լայն տարածում է գտնում այն դեպքում, երբ երկու կողմերը հավասարազոր դիրքեր ունեն և բոլոր հավասար պայմաններում քննարկվում է վարձակալության պայմաններն՝ առանց արտոնյալ պայմանների պահանջի: Կոնցեսիայի կիրառման անհրաժեշտությունը առաջանում է այն դեպքում, երբ պետությունը փորձում է բարձրացնել երկրի ներդրումային ակտիվությունը, որն իրականացնելու և ներդրումներ ներգրավելու նպատակով պետությունը ստիպված է “վարձակալի” համար սահմանել արտոնյալ պայմաններ: