Ռազմավարական կառավարում
Գլոբալացումը,ԳՏԱ-ը,միջավայրի փոփոխության արագացումը և այլ բազմաթիվ գործոններ գործարար միջավայրը դարձրին անորոշ և դժվար կանխատեսելի:
Այս ամենի հետևանքով կազմակերպությունների միջև մրցակցությունը խստանում է և հաղթում է նա ով ավելի արագ է արձագանքում միջավայրի ազդակների փոփոխությանը և համապատասխան միջոցներ ձեռնարկում: Կազմակերպության ղեկավարներին անհրաժեշտ են արդյունավետ մեթոդներ և գործիքներ կազմակերպության համար մրցակցային առավելություններ ստեղծելու ու պահպանելու և հեռանկարային զարգացումն ապահովելու համար: Որպես այդպիսին հանդես է գալիս արդեն իսկ ակադեմիական գիտություն դարձած ` ռազմավարական կառավարումը: Որպես ակադեմիական գիտություն ռազմավարական կառավարումը սկսեց ձևավորվել 1974թ. Ռիչարդ Ռումելտի “Ռազմավարություն,կառուցվածք և արդյունքներ” գրքի հրապարակմամբ: Ռազմավարական կառավարման զարգացման և ձևավորման գործընթացում հաջորդ մեծ ներդրումն իրականացրել է Մայքլ Պորտերը իր` “Մրցակցային ռազմավարություն” գրքով, որը լույս տեսավ 1980թ.:
Դեռևս ռազմավարական կառավարման միանշանակ և բավարար սահմանում գոյություն չունի , քանի որ այն երիտասարդ գիտություն է և ընդգրկում է գործարարության ժամանակակից կառավարման բարդ գործընթացներ: Տարբեր հեղինակներ տարբեր սահմանումներ են տալիս և յուրովի են մեկնաբանում,ընդգծելով ռազմավարական կառավարման այս կամ այն կողմը:
Այսպես`Շենդելը և Հատտեն տալիս են հետևյալ սահմանումը.
Ռազմավարական կառավարումը կազմակերպության և նրա շրջակա միջավայրի փոխազդեցության որոշման գործընթացն է , որն արտահայտվում է ընտրված նպատակների իրացմամբ և գործունեության արդյունավետ պալանին համապատասխան`կազմակերպության ռեսուրսների բաշխման միջոցով,անհրաժեշտ արդյունքի ապահովմամբ:
Թոմսոնը և Ստրիկլենդը համարում են , որ`
ռազմավարական կառավարումը գործընթաց է, որի միջոցով մենեջերները սահմանում են կազմակերպության զարգացման երկարաժամկետ ուղղությունները, նպատակները, վերջիններիս իրացման ռազմավարությունները` հաշվառելով արտաքին ու ներքին միջավայրերի հնարավոր իրավիճակները, և իրագործում են գործունեության ընտրված պլանը:
Ռազմավարական կառավարմանը մի փոքր այլ սահմանում են տալիս Սմիթը, Արնոլդը և Բիզզելը: Այն է`
ռազմավարական կառավարումն արտաքին միջավայրի գնահատման, կազմակերպության նպատակների սահմանման,որոշումների ընդունման,վերջիններիս իրացման ու վերահսկման և կազմակերպության արտաքին միջավայրի ներկա ու ապագա իրավիճակներում նպատակների իրացմանն ուղղված գործընթաց է:
Ամփոփելով վերը շարադրվածը ռազմավարական կառավարումը կարելիէ սահմանել հետևյալ կերպ.
Ռազմավարական կառավարումը կազմակերպության նպատակների ու խնդիրների սահմանմանը, կազմակերպության ու արտաքին միջավայրի միջև որոշակի փոխհարաբերությունների պահպանմանն ուղղված կառավարչական գործունեություն է, որը հնարավորություն է տալիս կազմակերպությանը հասնել իր նպատակներին և զգայուն լինել արտաքին ու ներքին միջավայրերի ազդակներին:
Ռազմավարական կառավարման առաջնային տարրերից է` ռազմավարությունը: Ռազմավարություն բառն առաջացել է հունարեն` strategos, թարգմանությամբ նշանակում է մարտ վարելու արվեստ, բառից, որն ունի զինվորական ծագում: Ինչպես և ռազմավարական կառավարումը ռազմավարությունը նույնպես չունի միասնական և բավարար սահմանումներ:
Ստեյները և Մայերը ռազմավարությունը բնորոշում են որպես կազմակերպության առաքելության, նպատակների, քաղաքականությունների, ծրագրերի ձևավորման և իրացման մեթոդների ամբողջություն:
Համաձայն Ստրիկլենդի`ռազմավարությունը մրցակցության և բիզնեսի կազմակերպման կոմբինացված մեթոդ է, որն ուղղված է հաճախորդների պահանջմունքների բավարարմանը և կազմակերպական նպատակների իրացմանը:
Ռազմավարության առավել ամբողջական սահմանում է տրվում Վ.Դ.Մարկովայի և Ս.Ա.Կուզնեցովայի “Ռազմավարական կառավարում” գրքում: Այն է `
Ռազմավարությունը գործունեության գլխավոր ծրագիր է ,որը հիմնական նպատակներին հասնելու համար բացահայտում է խնդիրների և ռեսուրսների նախապատվությունը:
Ամփոփելով, ռազմավարությունը կարելի է բնորոշել որպես կազմակերպության բոլոր ռեսուրսների փոխազդեցության մոդել, որը կազմակերպությանը հնարավորություն է տալիս արդյունավետ իրացնել իր առաքելությունը և կայուն մրցակցային առավելություններ ապահովել:
Ներկայումս կազմակերպություններում ռազմավարական կառավարման և գործուն ռազմավարության առկայությունը դարձել է կենսական պահանջ և մրցակցային պայքարում հաղթելու գրավական: